Ո՞վ կփոխարինի ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին. «Ժողովուրդ»

Լին Թրեյսի
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը մոտ երկու ամսից կհեռանա մեր երկրից. արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի առաքելությունն ավարտվել է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրան փոխարինելու կգա վերջին տարիներին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը աշխատած Ալան Պերսելլը։
«Նա Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրիքնի տեղակալն է կամ, այսպես ասած, փոխդեսպանը։ Հիմա, փաստորեն, Ուկրաինայում «մարտական մկրտություն» ստացած դիվանագետը դիվանագիտական առաքելություն է իրականացնելու Հայաստանում»,– գրում է թերթը:
Հիշեցնենք` ԱՄՆ Սենատը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածությունը հաստատեց 2019 թվականի հունվարի 3-ին։ Ամերիկյան օրենսդրության համաձայն` արտերկրում դեսպաններին առաջադրում է ԱՄՆ նախագահը, հաստատում` Սենատը: ՀՀ–ում ԱՄՆ դեսպան նշանակված Լին Թրեյսին մինչ այդ ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նա զբաղեցրել էր նաև Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը:
Թրեյսին Հայաստանում փոխարինեց Ռիչարդ Միլսին, որն ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2015 թվականի փետրվարին: