Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել է 10 քրգործ

Ընդդիմության ակցիաների ժամանակ ոստիկանների գործողությունների վերաբերյալ սկսվել են թվով 47 ծառայողական քննություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժան ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել են 10 քրեական գործեր։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Մայիսի 23-ին իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացու հասցեին ոստիկանության ծառայողի կողմից բացահայտ հայհոյանք հնչեցրելու դեպքով ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Նշենք, որ ապրիլի 18-ից սկսած քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ սկսվել են թվով 47 ծառայողական քննություններ, որոնցից 2-ի արդյունքները թողնվել են անհետևանք, 3-ի ընթացքը կասեցվել է, մնացածը ընթացքի մեջ են։
Կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ կատարած ոստիկանական ծառայողների նույնականացումն և նրանց շրջանակը կհստակեցվի ծառայողական քննությունների վերջնական արդյունքներով։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։