Համենայնդեպս, նման եզրակացության կարելի է հանգել՝ վերլուծելով այն իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի շուրջ։
Երևի հիշում եք, թե ինչ դժվար էր ծնվում այդ մարմինը, որն, ըստ օրենքի, պիտի կազմված լինի պատգամավորներից։ Ընդդիմությունը փաստում էր՝ եթե ներկա իշխանությունների ներկայացուցիչները պիտի մեծամասնություն կազմեն հանձնաժողովում, այդ ինչպե՞ս են նրանք անկողմնակալ գնահատական տալու իրենց օրոք գրանցված պարտությանը։ Համաձայնե′ք, տրամաբանական հարցադրում է։
Բայց ամենահետաքրքիրը, գիտե՞ք ինչն է։ Իշխանությունները, որոնք կտրականապես դեմ էին, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվեն անաչառ մասնագետներ, հիմա իրենք են ուղիներ փնտրում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին ներգրավելու համար՝ հրաշալի իմանալով, որ այդ ուժերից մի քանիսի առաջնորդները բոլորովին էլ անաչառ չեն և ակնհայտորեն սատարում են վարչապետին։
Այսինքն, այո′, կողմ ենք, որ հանձնաժողովում լինեն այլ մարդիկ, բացի պատգամավորներից, բայց մի պայմանով՝ այդ մարդիկ պետք է անպայման մեր կողմնակիցը լինեն։ Ի վերջո, ընդդիմադիրներն էլ չդիմացան և հայտարարեցին, որ նման պայմաններում հանձնաժողովի աշխատանքին մասնակցելն առնվազն անիմաստ է։ Տարօրինակ իրադրություն է, չէ՞, ստեղծվել։ Իշխող ուժի առաջնորդը բազմիցս հայտարարել է՝ ես եմ պարտության պատասխանատուն։ Երևի կարելի է կռահել, թե ինչու է այդքան հանգիստ ստանձնում պատասխանատվությունը։ Այո′, շատ ճիշտ եք, որովհետև պատասխանատվության կանչողները հենց իր թիմի անդամներն են։
Թվում էր, թե այս պայմաններում հանձնաժողովը կաշխատի առանց խոչընդոտների, և մինչև սեպտեմբեր կհրապարակվի վերջնական եզրակացությունը։ Ո′ւր էր թե։ Այսօր կարելի է փաստել տխուր իրողությունը՝ մինչև հանձնաժողովի լիազորությունների պաշտոնական ավարտը մնացել է ընդամենը երկու ամիս, այնինչ, այդ բազմաչարչար հանձնաժողովը, կարելի է ասել, չի էլ սկսել իր աշխատանքը։
Ավելի ճիշտ փետրվարին, այնուամենայնիվ, երկու նիստ անցկացրել է, բայց այն ժամանակ զուտ տեխնիկական հարցեր են քննարկվել՝ ի՞նչ փաստաթղթեր պահանջել համապատասխան մարմիններից, ո՞ւմ հրավիրել պարզաբանումներ տալու համար։ Ի դեպ, այդտեղ էլ բավական անհասկանալի մոտեցումներ կան։ Օրինակ, հանձնաժողով են հրավիրվելու Վարդան Օսկանյանը և Ժիրայր Լիպարիտյանը։ Կներե′ք, կարո՞ղ եք գոնե հուշել՝ ի՞նչ կապ ունեն վաղուց իրենց պաշտոնները լքած նախկին դիվանագետները 2020 թվականի պատերազմական գործողությունների հետ։
Բոլոր դեպքերում հայաստանցիների վերաբերմունքը խորհրդարանական այս հանձնաժողովի նկատմամբ խիստ տարբեր է։ Ոմանք ընդհանրապես ոչինչ չեն սպասում՝ հիշելով 2016 թվականի կարճատև պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած նման հանձնաժողովի փորձը։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպիսին էր վերջնական եզրակացությունը։ Իհարկե, չեք կարող այն պարզ պատճառով, որ այդ եզրակացությունն ի վերջո թաքցվեց լայն հասարակությունից, հրապարակվեցին ընդամենը առանձին հատվածներ, որոնցից ընդհանրապես ոչինչ չէր հասկացվում։ Սովորաբար նաև ասում են՝ նման հետազոտությունները նպաստում են, որ ապագայում չկրկնվեն թույլ տրված սխալները։ Եվ ի՞նչ։ 4 տարի անց տեղի ունեցած նոր պատերազմի հետևանքները շատ ավելի սարսափելի էին, քան 2016 թվականինը։
Ոմանք էլ, ընդհակառակը, օրինակներ են բերում համաշխարհային պատմությունից և պնդում, որ եղել են շատ կոնկրետ դեպքեր, երբ մեղավոր ճանաչվածները ամենախիստ պատիժն են կրել։ Հեռուն չգնանք։ Լսե՞լ եք արդյոք, այսպես կոչված՝ «Վեցի դատավարության» մասին։ Փորձեմ շատ հակիրճ հիշեցնել։
1922 թվականին թուրքերից կրած կատարյալ պարտությունից հետո, որի հետևանքով հարյուր հազարավոր հույներ ստիպված էին հեռանալ իրենց պատմական հայրենիքից՝ Փոքր Ասիայից, Հունաստանի արտակարգ զինվորական տրիբունալի առջև հայտնվեցին վարչապետը, արտաքին և ներքին գործերի, արդարադատության նախարարները, ինչպես նաև գեներալ Գեորգիոս Խաձիանեստիսը և այլք։ Մեղադրանքները շատ կոնկրետ էին՝ ինչո′ւ բանակից հեռացվեցին այն բարձրաստիճան զինվորականները, որոնք շատ փորձառու էին, թեև վերապահումներով էին վերաբերվում իշխանություններին։ Ինչո′ւ տեղի չունեցավ Անկարայի վրա սպասվող հարձակումը։ Ինչո′ւ հանձնվեց Իզմիրը, որը Սևրի պայմանագրով տրվել էր հույներին։ Եվ վերջապես, ինչո′ւ պատշաճ ձևով չկազմակերպվեց բնակչության տարհանումը, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ զրկվեցին կյանքից։
Երկշաբաթյա դատավարության արդյունքում ամբաստանյալներից վեցը մեղադրվեցին պետական դավաճանության մեջ և մահապատժի ենթարկվեցին։ Իհարկե, այս դատավարության մասին հակասական կարծիքներ են շրջանառվում՝ շատերը մինչև հիմա համոզված են, որ դատապարտվածները պարզապես քավության նոխազ դարձան, մանավանդ որ Իզմիրի անկումից հետո հունական բանակում հեղաշրջում էր տեղի ունեցել։
Ուղղակի այս դեպքերը, որոնք կատարվել են ուղիղ 100 տարի առաջ, կարող են տխուր կանխատեսման առիթ դառնալ՝ ամենևին չի բացառվում, որ մեկ դար անց էլ լիովին չպարզվի, թե ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ։