Ուկրաինայում ամերիկյան լաբորատորիաների հայտնաբերումից հետո քայլեր են ձեռնարկվել. Պատրուշև

Նիկոլայ Պատրուշև. Արխիվային լուսանկար
Անվտանգության խորհուրդը քայլեր է ձեռնարկում արգելափակելու համար ՌԴ–ում տնտեսական ճգնաժամ հրահրելու Արևմուտքի փորձերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՌԴ–ի պաշտպանությանն ուղղված լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել Ուկրաինայում ամերիկյան լաբորատորիաներ հայտնաբերելուց հետո, որտեղ մահացու հիվանդությունների հարուցիչների հետ փորձարկումներ են արվել։ Այս մասին «Ռուսական թերթին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Ուկրաինայում ամերիկյան տասնյակ լաբորատորիաներից բաղկացած ցանցի հայտնաբերումը, որտեղ մահացու հիվանդությունների նմուշներով ռազմակենսաբանական փորձարկումներ են իրականացվել, լրացուցիչ քայլեր են պահանջել` ուղղված կենսաբանական սպառնալիքների կանխմանն ու վտանգավոր կենսաբանական գործոններից մեր երկրի, ինչպես նաև հարակից պետությունների քաղաքացիների պաշտպանությանը», – նշել է նա։
Պատրուշևն ընդգծել է, որ ԱԽ–ն քայլեր է ձեռնարկում կանխելու համար ՌԴ–ում տնտեսական լայնածավալ ճգնաժամ հրահրելու և երկրում իրավիճակը սրելու Արևմուտքի փորձերը։
«Ռուսաստանի տնտեսական ինքնիշխանությունն ամրապնդումը ԱԽ–ի աշխատանքի ուղղություններից մեկն է։ Դրա շրջանակում լուծվում են ՌԴ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը, մակրոտնտեսական կայունության ապահովմանը և երկրի տարածքային զարգացումը հավասարակշռելուն ուղղված հարցեր», – ասել է ԱԽ քարտուղարը։
Պատրուշևի խոսքով` աննախադեպ պատժամիջոցային ճնշումներին արդյունավետ հակազդումը թույլ կտա հաղթահարել ոչ միայն ՌԴ–ի դեմ ծավալած տնտեսական ագրեսիան, այլև տնտեսության խորքային կառուցվածքային վերակառուցում իրականացնել։