Շրջանավարտներին մեքենա տրամադրողների համար իրավական հետևանքներ են նախատեսված. ՃՈ

«Վերջին զանգով» պայմանավորված` ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Այսօր, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված` ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ուժեղացված ծառայության շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։
«Հիշեցնեմ, որ իրավական հետևանքներ են նախատեսված նաև այն անձանց համար, որոնք մեքենա կտրամադրեն շրջանավարտներին։ Ուսուցչական անձնակազմին և ծնողներին հորդորում եմ օրվա տոնականությունը չխաթարելու և մեր աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց և ոչ սթափ վիճակում մեքենա վարելուց, որպեսզի համատեղ կանխենք հնարավոր պատահարները»,–ասում է Կարապետյանը։
Նա վստահեցնում է, որ ներողամտություն չեն դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։