Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման և ԼՂ հարցի կարգավորման ընթացքը

Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին
Զրուցակիցները պայմանավորվել են, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Փաշինյանը Ռայիսիին տեղեկություններ է հայտնել Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ և խոսել իր տպավորությունների մասին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
Քննարկվել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծին, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցերը:
Զրուցակիցները վերահաստատել են պաշտոնական այց կատարելու՝ միմյանց ուղղված հրավերները և պայմանավորվել, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ:
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: