Մոլդովայում ՌԴ լրատվական հաղորդումներն արգելող օրենք է ընդունվել

Մոլդովայի խորհրդարանի շենքը. Արխիվային լուսանկար
Արգելքի տակ են հայտնվել ոչ միայն լրատվական և վերլուծական հաղորդումները, այլև ռազմական թեմայով ֆիլմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հաստատեց ՌԴ–ից վերահեռարձակվող ռազմական ֆիլմերը, լրատվական և վերլուծական ծրագրերը արգելող տեղեկատվական տիրույթի պաշտպանության մասին օրենքը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։
«Պատգամավորների 55 ձայնով` երկրորդ ընթերցմամբ, հաստատվել է օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը»,- նիստի ժամանակ ասել է խորհրդարանի խոսնակը։
Մասնավորապես, հեռուստատեսության և ռադիոհեռարձակման մասին օրենսդրության մեջ կետ է ներառվում հաղորդումների հեռարձակման արգելքի վերաբերյալ այն երկրներից, որոնք չեն վավերականացրել անդրսահմանային հեռուստատեսության մասին բանաձևը։ Այդ երկրների թվում է նաև Ռուսաստանը։
Արգելքի տակ են հայտնվել լրատվական և վերլուծական հաղորդումները, այդ թվում՝ ռազմական թեմատիկայով ֆիլմերը։
Օտարերկրյա բովանդակության առնվազն 50%–ը պետք է գնվի այն երկրներից, որոնք վավերացրել են վերոնշյալ փաստաթուղթը։
Հեռուստաալիքները կարող են տուգանվել 2100-5255 դոլարի չափով ապատեղեկատվական բովանդակություն պարունակող տեղեկություն տարածելու համար։ Երկրորդ անգամ խախտելու դեպքում նրանց կարող է սպառնալ լիցենզավորման կասեցում մինչև 7 օր ժամկետով։
Վերահեռարձակման թույլտվություն ունեցողները պետք է փոփոխություններ կատարեն իրենց գործունեության մեջ ու երեք ամսվա ընթացքում հայտ ներկայացնեն գործունեության թույլտվությունը վերաձևակերպելու համար։