«Մարդ էլ իր հողը չկարողանա տնօրինե՞լ». «Հաղթանակ» թաղամասի բնակիչներն ակցիա են անում

Բողոքի ակցիա կառավարության շենքի առջև
«Հաղթանակ» թաղամասի բնակիչները վստահեցրին, որ անհնազանդության ակցիաներ կանեն, եթե իրենց հողի սեփականության հարցերը չլուծվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Հաղթանակ» թաղամասի բնակիչները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անում։ Նրանք պահանջում են ժառանգություն ստացած իրենց հողերի սեփականաշնորհման գործընթացը չձգձգել։
Կառավարությունը 1990-ականներին օգտագործման համար հող է հատկացրել նրանց, բայց հիմա սեփականության վկայականի տրամադրման հետ կապված խնդիրներ են առաջացել, և բնակիչները չեն կարողանում կառուցապատման կամ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել:

«Էդ հողերը սեփականաշնորհվեցին անկախության սկզբում, սեփականության ակտ էլ ունենք։ Հայրս ինձ ժառանգություն է տվել այդ հողը, բայց չեմ կարողանում ոչ մի ձևով տնօրինել, քանի որ հիմա ասում են` գյուղնշանակության հող է, ոչ մի թուղթ չեն տալիս մեզ։ Նույնիսկ մեզնից վերջին երկու տարիներին հարկ էլ չեն վերցնում։ Մարդ էլ իր հողը չկարողանա տնօրինե՞լ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ ուրիշն ավելացրեց, որ ինքն էլ է հողը ժառանգություն ստացել հորից, սակայն ո՛չ փաստաթուղթ են տալիս, որ դա իր սեփականությունն է, ո՛չ էլ գյուղվարկ, որ այդ տարածքում ինչ-ինչ աշխատանքներ անի։
Շուռնուխում ու Որոտանում թաղամաս կառուցելու համար լրացուցիչ գումարի կարիք կա
«Երևանի քաղաքապետարան ենք դիմել շատ-շատ անգամներ, ու մեզ ասել են` կլուծենք հարցերը։ Իսկ թե երբ է մեր խնդիրը լուծվելու, չգիտենք։ Կառավարության անդամների հետ էլ հանդիպել ենք, կրկին ասել են` կլուծենք, բայց ժամանակն անցնում է»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ մի օր կարող են ասել, որ այդ հողը տնօրինողն իրենք չեն։
Կառավարությունից հայտնեցին, որ հարցը կքննարկվի վարչապետի հսկողությամբ, և 15 օր հետո պատասխան կտան նրանց։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին` եթե իրենց խնդրին լուծում չտրվի, ապա կսկսեն անհնազանդության ցույցեր անել անել, փողոց փակել։
ՀՀ–ում կենսաթոշակների անկանխիկ բոնուսների ծրագրին միայն 3 բանկ է միացել