Իշխանության մեջ 10-15 հոգի հետդարձի ճանապարհ չունեն, մնացածն ուղղակի գերի են. Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման անդամ Աղվան Վարդանյանը. Արխիվային լուսանկար
Աղվան Վարդանյանը նշում է, որ «այս պետականակործան քաղաքականության համար» պատասխանատու են նաև բոլոր ուժային կառույցները` իրենց ղեկավարներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Գործող իշխանության մեջ 10-15 հոգի են, որ իրենց տեսակով, կերպարով վերադարձ չունեն, հետդարձի ճանապարհ չունեն։ Նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման անդամ Աղվան Վարդանյանը` Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով` ՔՊ–ականներից շատերն ուղղակի գերության մեջ են։ «Նրանք հրաշալի հասկանում են, որ սա կործանման ճանապարհ է, բայց չեն համարձակվում այդ գերությունից դուրս գալ»,–ասաց Վարդանյանը։
Նա նկատեց, որ վերջին օրերի իրողությունները վկայում են, որ իշխանություն կոչվող ՔՊ խմբակն այնքան է խորացել իր պետականակործան, ազգակործան գործողությունների մեջ, որ նրանցից որևէ մեկը չի համարձակվում կրկնել մեր կարմիր գծերը` որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Ալիևի ուժի սպառնալիքի և հոխորտանքների տակ հնարավոր չէ սահմանագծում և սահմանազատում անել, որ հնարավոր չէ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել Ցեղասպանության ուրացումով։ «Որովհետև ունեն մեկ խղճուկ, ողորմելի վախկոտ բռնապետիկ ղեկավար, որն այսօր դարձել է Հայաստանի չարիքը»,–նշեց պատգամավորը։
Վարդանյանն ընդգծեց, որ ազգի գիտակից մասն արդեն մեկ ամիս է` հրապարակում ոչ է ասում մեր պետականության, մեր արժանապատվության դեմ քաղաքականությանը, և նաև տասնյակ կուսակցություններ և ՀԿ–ներ միացել են այդ կարմիր գծերին։
Գալով ոստիկանության գործողություններին` Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Իշխան Սաղաթելյանին խոստացել էր, որ ոստիկանները բռնություն չեն կիրառի, որ ամեն ինչ կանեն օրենքի սահմաններում, կծառայեն պետությանը ոչ թե մեկ անձի։ «Այդքանից հետո նման բռնություն կիրառել քաղաքացիների, այդ թվում` պատգամավորների հանդեպ, ինչպիսին եղավ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ, մեղմ ասած, տղամարդավայել չէ։ Դուք պետական պաշտոնյա եք, դուք պետք է պետությանը ծառայեք, ոչ թե մեկ բռնապետի»,–ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով` պետականակործան այս քաղաքականության համար պատասխանատվություն են կրում նաև ուժային մյուս կառույցները` ԱԱԾ–ի տնօրեն Արմեն Աբազյանը, որը պետական միջոցները ծախսում է մարդկանց գաղտնալսելու, ՔՊ-ականների անվտանգությունը պահելու համար։ «Պարոն Աբազյան, դուք ևս պատասխան եք տալու»,–խոստացավ Վարդանյանը։
Պատգամավորը նշեց, որ պատասխանատվության տակ են նաև ՀՀ քննչական կոմիտեն, որն անընդհատ գործեր է կարում շարժման մասնակիցների նկատմամբ, ԲԴԽ–ն և մյուս ուժային կառույցները։
Ընդդիմությունը գնալու է խորհրդարան. Սաղաթելյանը ներկայացրել է հունիսի 3-ի անելիքները
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Այդ հարցով ԱԺ-ում հրավիրվեց արտահերթ նիստ, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու։