Ֆուտբոլի Հայաստանի Մ21 հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը 8 խաղից հետո 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը 1։3 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականի հետ 2023թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի H խմբի 9-րդ տուրի խաղում։
9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Երևանի ԲԿՄԱ-ի 18-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը, որին գոլային փոխանցում կատարեց լեհական «Յագելոնիայի» 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը։

22-րդ րոպեին դաշտի տերերը կարողացան վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ Հյուսիսային Մակեդոնիայի 19-ամյա հարձակվող Մեթոդի Մաքսիմովը։

Հյուսիսային Մակեդոնիայի երկրորդ գոլը 85-րդ րոպեին խփեց 20-ամյա կիսապաշտպան Մարիո Իլիևսկին։
Ավելացված ժամանակում էլ դաշտի տերերն արդյունավետ իրացրին 11 մետրանոցը։
Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը 8 խաղից հետո 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հյուսիսային Մակեդոնիան 9 խաղում վաստակել է 9 միավոր և նախավերջինն է։