Երվանդ Ղազանչյանն ու Նովենցը կրկին սիրելի թատրոնում են. բացվեց նրանց համատեղ հուշատախտակը

ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը. Արխիվային լուսանկար
Հայտնի տատիկի և պապիկի հուշատախտակը բացեցին Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի թոռնուհին ու ծոռները՝ Մարիամ Ղազանչյանն ու նրա զավակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -Sputnik. Հունիսի 2-ին` Երվանդ Ղազանչյանի 85-ամյակի օրը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում մեծ հանդիսավորությամբ բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։
Բացմանը ներկա էին հայ թատերական և կինոաշխարհի տարբեր սերունդների ճանաչված ռեժիսորներ, դերասաններ, կինոգետներ, արվեստի և մշակույթի անվանի ներկայացուցիչներ, Ղազանչյանի և Նովենցի հարազատներն ու նրանց արվեստի երկրպագուները։
ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն իր ելույթում ասաց, որ հայ թատրոնի թագուհին եղել է Մետաքսյա Սիմոնյանը, իսկ հայ կինոյի թագուհին՝ Գալյա Նովենցը։
Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի որդին` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, շնորհակալություն հայտնեց ներկաներին, ինչպես նաև Երևանի ավագանուն՝ հուշատախտակը տեղադրելու որոշման համար։
Նշենք, որ հայտնի ամուսինների միասնական հուշատախտակի ճարտարապետն է Վարդան Հարությունյանը, իսկ քանդակագործը`Արմենակ Համբարձումյանը. նրանց համատեղ ջանքերով է իրականացվել հուշատախտակի մտահաղացումը։
Բացման բուն արարողությունն իրականացրին Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի թոռնուհին ու ծոռները՝ Մարիամ Ղազանչյանն ու նրա զավակները։
Երվանդ Ղազանչյանի համար Պարոնյան թատրոնը երկրորդ տուն էր: Ավելի քան 20 տարի նա ղեկավարել է այս թատրոնը, իսկ մահկանացուն կնքեց, երբ դեռ Պարոնյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: