ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Եռաբլուրից գողացել են զոհված եղբոր շիրմին այցի գնացած Մ. Խաչատրյանի դրամապանակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 31-ին, ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ անհայտ անձը պանթեոնի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, մայոր Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր՝ Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այլն»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌՈ օպերատիվ ստորաբաժանումներն անմիջապես ձեռնամուխ են եղել հանցագործին հայտնաբերելուն։
Նույն աղբյուրը հաղորդում է, որ հաջորդ օրը՝ հունիսի 1-ին, ՌՈ Երևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելիս ձեռնարկված լայնածավալ և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցից գողություն կատարելու կասկածանքով ՌՈ Երևանի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ Վ. Ա.-ն, որը տեղում փաստական տվյալների համադրմամբ տվել է խոստովանական ցուցմունք։
Դեպքի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։