ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանել է Ուկրաինայի իրադրությունը՝ երկրում տեղի ունեցող իրադարձությունները «խորը շրջադարձային պահ» անվանելով:
Ավելի վաղ հակամարտության վերաբերյալ հայտարարությունները Մերկելի անունից տարածում էին նրա գրասենյակի ներկայացուցիչները:
«Ես համերաշխություն եմ հայտնում Ուկրաինային, որի վրա հարձակվել է Ռուսաստանը, և աջակցում եմ նրանց ինքնապաշտպանության իրավունքին»,- հունիսի 1-ին՝ գերմանական արհմիությունների ասոցիացիայի (DGB) ղեկավար Ռայներ Հոֆմանի պաշտոնաթողության երեկոյին ասել է Մերկելը՝ ելույթ ունենալով ավելի քան 200 հյուրերի առջև:
Մերկելն իր աջակցությունն է հայտնել Գերմանիայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ յոթնյակի (G7), ՆԱՏՕ-ի ու ՄԱԿ-ի ջանքերին, որոնց նպատակը, նրա գնահատմամբ, մարտական գործողությունների դադարեցումն է:
Հիշեցնենք` Անգելա Մերկելը զբաղեցնում էր Գերմանիայի կանցլերի պաշտոնը, երբ 2014 թվականին պետական հեղաշրջում տեղի ունեցավ Ուկրաինայում, իսկ հետո նրա մասնակցությամբ կնքվեցին Դոնբասի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերը։
Ավելի վաղ Մերկելին ԱՄՆ-ում ու ԵՄ երկրներում քննադատել են «Հյուսիսային հոսք-2» գազատարին աջակցելու համար։ Այն ուղիղ Գերմանիա պետք է տեղափոխեր ռուսական գազը: Մերկելի իրավահաջորդ Օլաֆ Շոլցը անորոշ ժամանակով հետաձգել է այս նախագծի իրականացումը։