ԱՄՆ-ում տղամարդը մտել է բուժկենտրոն ու կրակ բացել. կան զոհեր

Ոստիկանական ավտոմեքենա
Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ամերիկյան Թալսա քաղաքում (Օկլահոմա նահանգ), Սուրբ Ֆրանցիսկոսի հիվանդանոցի շենքում հնչած կրակոցների հետևանքով 4 մարդ է մահացել, մի քանիսը վիրավորվել են: Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ։ Իրավապահները տեղական ժամանակով մոտավորապես 17։00-ին ահազանգ են ստացել, որ հիվանդասենյակներից մեկի մոտ զենքով մարդ կա։ Ոստիկանության տվյալներով՝ 35-40 տարեկան սևամորթ տղամարդը կրակ է բացել բժշկական կենտրոնում, այնուհետև ինքնասպան է եղել: Նա կրակել է ինչպես ատրճանակից, այնպես էլ հրացանից։
Թալսայի ոստիկանության կապիտան Ռիչարդ Մուլենբերգի խոսքով՝ երբ ոստիկանները հասել են հանցագործության վայր, պարզել են, որ մի քանիսը սպանվել են երկրորդ հարկում, այդ թվում՝ օրթոպեդիկ սենյակում։
Ոստիկանությունը դեռ պարզում է կրակոցներ արձակած տղամարդու ինքնությունը։ Հայտնի չէ` նա կոնկրետ ինչ-որ մեկին է հետապնդել, թե ոչ։