ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ պետբյուջեից տրված գումարները Արցախում ոչ մեկը հաճույքի համար չի ծախսում։ Լրագրողների հետ զրույցում նման հայտատարություն արեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն հայտարարությանը, թե Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, քան այժմյանն է, որը գոյացել է ՀՀ ժողովրդի վճարած հարկերից։
Հայտնել ենք, որ ԱԺ-ում 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ասաց` 2020թ-ի նոյեմբերից հետո Արցախում իրականացվել է 136 մլրդ դրամի ծրագիր, դրանից 120 մլրդ-ը` 2021թ-ի ընթացքում։
«Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ այն օրակարգով, որ երկիրը բարգավաճեր, տնտեսություն զարգացներ,աղքատություն չլիներ, բայց այսօր տեսնում ենք, որ երկրում թշվառություն է տիրում և այդ ֆոնին հայտարարել, թե Արցախին աննախադեպ բյուջե է տրվում, ընդունելի չէ»,–ասաց Հակոբյանը։
Նա հորդորեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք նեղսրտում են այդ փաստից, գնալ Արցախ ու տեսնել` արդյոք մարդիկ այնտեղ ապրում են։
«Մենք իր պետբյուջեն սիրով վերադարձնում ենք իրեն ու իր ընտանիքին, որովհետև այդ բյուջեով մենք պետք է եղբայրական գերեզման կառուցենք, մեր 40.000–ից ավել բնակչության համար բնիկներ կառուցենք։ Այդ գումարները ոչ մեկն Արցախում հաճույքի համար չի ծախսում»,–ասաց Հակոբյանը։
Նա շեշտեց, որ այսօր արցախցին Արցախ է վերադարձել ոչ թե լավ ապրելու, այլ հայրենիքը պահելու,իր չապրելով այն թշնամուն չհանձնելու համար։
«Այն ընտանիքը, որր զավակ է խորցրել, նյութական աջակցությունից պետք է ոգևորվի՞, ուրախանա՞, հազիվ իր զավակի գերեզմանը սարքի։ Ի՞նչ ֆինանսական աննախադեպ աջակցության մասին է խոսքը։ Անգամ եթե մինչև 2018 թվականը Արցախին քիչ գումար է տրվել, արցախցիները ժպտացել են, երբեք չեն տրտնջացել»,–ասաց պատգամավորը։
Հիշեցնենք` երեկ ԱԺ–ում Փաշինյանը համեմատության համար հիշեցրել էր, որ Արցախի ամենաբարձր բյուջեն 2019թ-ին եղել է 117.9 մլրդ դրամ, որից 57.8 մլրդ-ը վճարվել է ՀՀ բյուջեից։ 2021-ին Արցախի բյուջեի եկամուտները եղել են 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ-ը վճարել է Հայաստանը։
Արդյունքում, ըստ Փաշինյանի, Արցախում 2022թ-ին 20 տոկոսով աճել են կենսաթոշակներն ու նպաստները։
ՀՀ պետական ծրագրերն Արցախում այս տարի ևս շարունակվում են։ 2022թ-ին ՀՀ բյուջեով Արցախին տրամադրելու համար նախատեսված գումարը 144 մլրդ դրամ է։ Դրանից բացի, Արցախում բնակարանաշինության համար այս տարի հատկացվելու է նաև լրացուցիչ 30 մլրդ դրամ։