2022 թ–ին Երևանում շախմատի 3 միջազգային մրցաշար կանցկացվի

Մրցաշարերի կազմակերպման ու անցկացման ծախսը գործադիրը հաշվարկել է 28 մլն դրամի չափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. 2022 թ–ին Երևանում կանցկացվեն շախմատի 3 միջազգային մրցաշարեր` «Երևան օփեն 2022» միջազգային մրցաշար, «Ապագա տաղանդներ 2022» պատանի շախմատիստների միջազգային մրցաշար և «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»։
Այս մասին ասված է ՀՀ կառավարության` այսօր ընդունած որոշման մեջ, որով այդ մրցաշարերի կազմակերպման ու անցկացման համար գործադիրը գումար է հատկացրել շախմատի ֆեդերացիային։
Կառավարության որոշման մեջ ասվում է, որ «Երևան օփեն 2022» միջազգային մրցաշարին կմասնակցեն 310 մասնակիցներ 14 երկրներից։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 14 մլն դրամ։ Մրցաշարը նախատեսվում է անցկացնել 2022 թ․ հոկտեմբերին Երևանում։
Հայ շախմատիստները հաջող հանդես եկան «Շարժա Մասթերս - 2022» մրցաշարում
«Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշարին մասնակցելու է 10 շախմատիստ. 6-ը` Հայաստանից և 4-ը` արտերկրից։ Մրցանակային ֆոնդը կկազմի 2,5 մլն դրամ, այն կանցկացվի 2022 թ․ հունիս-հուլիս ամիսներին Երևանում։ Մրցաշարի ընդանուր ծախսը կազմելու է 4,5 մլն դրամ։
«Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»-ին մասնակցելու է 5 պատանի շախմատիստ՝ 2006 թ․ հետո ծնված, ինչպես նաև 5 լավագույն շախմատային մարզիչներ՝ երկու շրջանով։ Մրցանակային ֆոնդը կկազմի 3,3 մլն դրամ։ Մրցաշարը նախատեսվում է անցկացնել 2022 թ․ դեկտեմբերին Երևանում։ Մրցաշարի ընդանուր ծախսը կկազմի 3,7 մլն դրամ։