ԵՐԵՎԱն, 1 հունիսի - Sputnik. Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով հեռախոսազանգի համար և ընդգծել, որ բարձր է գնահատում ՌԴ նախագահի ջերմ, բարեկամական վերաբերմունքը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը:
ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն՝ աջակցելու սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ընդգծվել է, որ համաձայն պայմանավորվածության, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խնդրին և եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ տպավորություններ է կիսել բրյուսելյան վերջին հանդիպումից և մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով:
Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը: