Լոռիում պարեկները բռնությունների են ենթարկվել. դատախազությունը զգուշացնում է

Պարեկային ծառայության մեքենաներ
Դատախազությունը հետամուտ է լինելու, որ պարեկների նկատմամբ բռնություն իրականացնողները քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Լոռու մարզում նոր ներդրված պարեկային ծառայության աշխատակիցները բռնությունների են ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը` նշելով, որ հարուցված 4 քրգործ կա։
Այսպես` ապրիլի 16-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու (քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով) և համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 4 քրգործ, որոնցով այժմ կատարվում է նախաքննություն:
Որպես մեղադրյալ ներգրավված 7 անձանցից 5-ը կալանավորվել են։
Նշվում է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը պայմանավորված են եղել ենթադրյալ իրավախախտումների համար կանգնեցված մեքենաների վարորդների և ուղևորների կողմից պարեկների օրինական պահանջներին չենթարկվելով։
Դատախազությունը քաղաքացիներին զգուշացնում է ձեռնպահ մնալ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների, պարեկների նկատմամբ որևէ հանցավոր ոտնձգություն կատարելուց։ Իսկ նրանց գործողությունների հետ անհամաձայնություններ ունենալու դեպքում դատախազությունը կոչ է անում դիմել իրավական ընթացակարգերով: Հակառակ դեպքում հակազդեցությունը լինելու է կոշտ, և դատախազությունը հետամուտ է լինելու նման արարքներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։
Ոստիկանները գողերի խմբի են վնասազերծել