ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Դիմադրության» շարժման մեծ ու փոքր մասնակիցների երթը Ֆրանսիայի հրապարակից հասավ Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի մոտ։
Մինչ այդ, հրապարակում ոստիկանները ծաղիկներ նվիրեցին երթի մասնակից փոքրիկ աղջիկներին։
Նրանք կավճանկարներով պատեցին կառավարության բակը` գրելով. ««Նիկոլ, դավաճան», «Հայաստան», «Արցախ», «Հաղթանակ», «Արցախը հայկական է»»։
Այնուհետև երեխաները հայոց եռագույնի գույներով փուչիկներ բաց թողեցին օդ։
«Դիմադրություն» շարժման անդամ Արեգնազ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ լուրերին, թե ընդդիմությունը փակուղու մեջ է։ Մանուկյանը նշեց, որ նման գնահատականը չափազանցված է.«Խնդիրներ կան, և մենք էլ որոշակի եզրահանգումներ պետք է անենք, փոփոխություններ անենք։ Սակայն տեսնում ենք, որ օր օրի ավելի շատ մարդ է հավաքվում»։
Հավելենք, որ երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակ են գնում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ այսօրվա երթի մասնակիցներն իրենց հետ բերել էին նաև երեխաներին։