ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Հայաստանը կաթի ապահովման առումով ինքնաբավ է, սակայն վերամշակողները շարունակում են անընդհատ կաթի փոշի ներկրել։ Այս մասին այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը կաթի միջազգային օրվան նվիրված ասուլիսում։
«2021 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 671 հազար տոննա կաթ։ Դրանից 200 հազար տոննան վերամշակվել է»,- հայտնեց Խոջոյանը։
Նա նշեց, որ երկրում որակյալ կաթի ընդհանուր արտադրություն չկա, բայց որոշ ընկերություններ բավական որակյալ արտադրանք ունեն: Խոջոյանը հիշեցրեց, որ կաթի արտադրությունը միասնական շղթա է, որի յուրաքանչյուր օղակ չափազանց կարևոր նշանակություն ունի։
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն իր հերթին նշեց, որ կազմակերպության իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ երեխաների 44 տոկոսի սննդակարգը սխալ է: Դա, ըստ մասնագետի, խիստ մտահոգիչ փաստ է, որը հաճախ կապված չէ հայաստանցի ընտանիքների համար պարենային ապրանքների հասանելիության հետ։
Կաթի արտադրության բարեհաջող փորձը
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նույնպես կարևորեց մթերքի, հատկապես` կաթնամթերքի որակի ապահովման հարցը։
«15 տարի շարունակ մենք աշխատում ենք ռեստորանային բիզնեսում և միշտ կարևոր ենք համարել որակյալ ապրանքների հետ աշխատանքը։ 2017 թվականին մենք հիմնել ենք երկու խոշոր ֆերմա ու մեկ կաթնամթերքի վերամշակման գործարան»,- ասուլիսում ասաց Երեմյանը։
Նա տեղեկացրեց, որ ընկերությունը ցեղատեսակային կովեր է ներկրել՝ որակյալ արտադրանք տալու նպատակով։ Բացի այդ, աշխատում են միջազգային խորհրդատուների հետ։ Երեմյանը նշեց, որ որակյալ կաթի արտադրությունը միայն ժամանակակից տեխնոլոգիաները չեն։ Յուրաքանչյուր մանրուք կարևոր է՝ առանց «քիմիայի» որակյալ կերից մինչև ճիշտ սննդակարգը և արտադրության գրագետ կազմակերպումը։
Հղում անելով ընկերության կատարած հետազոտությանը՝ Երեմյանը ցավով նշեց, որ Հայաստանում կաթնամթերքի սպառման մակարդակը բավական ցածր է։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը այս փաստը բացատրեց բնակչության կենսամակարդակով։
Նրա խոսքով՝ հիմա կառավարությունն իրավիճակը փոխելու համար մի շարք ծրագրեր է նախաձեռնել։ Կաթնամթերքի բազմաթիվ արտադրողների մոտ տեսչական ստուգումներ են անցկացվում։ Այս առումով երկրում դրական դինամիկա է նկատվում։
Գյուղացիների համար նաև տարբեր աջակցության ծրագրեր կան։ Ռազմավարական զարգացման գործակալության «Անասնաբուծության զարգացումը Հայաստանում հարավ-հյուսիս-2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ նման նախագծեր իրականացվում են Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Գեղարքունիքում: 2 ծրագիր արդեն իրականացվել է, շուտով կմեկնարկի նորը՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Շիրակի մոտ 70 բնակավայրերում։ Նա նշեց, որ նախորդ երկու նախագծերի շրջանակում աշխատանքներ են տարվել 74 ֆերմերների հետ, ստեղծվել է 12 նոր կաթնամթերքի արտադրամաս, ինչպես նաև 10 ֆերմա` Հայաստանի չորս մարզերում:
Կաթի պիտանիության ժամկետը
Մասնագետները պնդում են, որ կաթի պիտանիության ժամկետն ուղղակիորեն կախված է դրա մշակման ձևից ու աստիճանից, այլ կերպ ասած՝ պաստերիզացումից։ Ստերիլ արտադրության նորագույն տեխնիկայի օգտագործման պայմաններում կաթը կարող է երեքից մինչև 10 օր պահվել:
Կա նաև ուլտրապաստերիզացման միջոց, որի դեպքում արտադրանքը կարելի է նաև կես տարի պահել, սակայն նման կաթի մեջ օգտակար նյութերը բավական քիչ են:
Նշենք, որ կաթը պարունակում է վիտամիններ ու հանքային նյութեր։ Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին B2, վիտամիններ A, D, B1, B12, կալցիում, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, երկաթ, Ֆտոր, յոդ։ Ցածր յուղայնություն ունեցող կաթն օգնում է նիհարել և նպաստում է ճարպերի արդյունավետ այրմանը։
Այնուամենայնիվ, այն հակացուցումներ էլ ունի։ Կաթը պետք է սննդակարգից բացառեն առաջին հերթին նրանք, ովքեր կաթնաշաքարի անհանդուրժողականություն ունեն: