ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Կադաստրային ծառայությունների գներն առաջիկայում կնվազեն։ ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
«Գները կարող են վերանայվել թվայնացման որոշակի պրոցեսներն ավարտելուց հետո։ Թվայնացման արդյունքում, երբ համակարգերը կսկսեն աշխատել և ոչ թե մարդը ֆիզիկապես գործողությունններ կանի, այդ ժամանակ հնարավորություն կունենանք վերանայելու»,– ասաց Թովմասյանը` պարզաբանելով, որ կադաստրային ծառայությւնների գինն այսօր կախված է ոչ թե գործարքի առարկա գույքի մեծությունից կամ արժեքից, այլ նրանից, թե կադաստրի աշխատողն ինչ ծավալի աշխատանք է կատարում տվյալ գույքը գրանցելիս։
Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշեց, որ գնային որոշակի տարբերակում այսօր էլ գործում է. առցանց հարցման դեպքում տվյալները քաղաքացուն տրամադրվում են 300 դրամով, իսկ կադաստրի կոմիտեի գրասենյակում դիմում գրելու դեպքում` 1000 դրամով։