Իրավիճակը արևելքում բարդ է. Զելենսկին` Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին

Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ HIMARS ՀԿՌՀ-ները կկարողանան խոցել թիրախները շուրջ 80 կմ հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը մարտերում օրական 60-100 մարդ են կորցնում և 500 վիրավոր տալիս։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Newsmax հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վլադիմիր Զելենկսին։
Զելենսկին ընդգծել է նաև, որ Ուկրաինան մտադիր չէ գործողության ավելի մեծ շառավղով հրթիռային համակարգեր օգտագործել ՌԴ տարածքին հարված հասցնելու համար։
«Տեղյակ եմ, որ ԱՄՆ-ում կամ Սպիտակ տանը որոշ մարդիկ ասում են, որ կարող ենք կիրառել դրանք Ռուսաստանի վրա հարձակվելու համար. տեսե՛ք, Ռուսաստանի վրա գրոհելու միտք չունենք։ ՌԴ-ն մեզ չի հետաքրքրում։ Նրանց տարածքում մենք չենք կռվում»,- ասել է Զելենսկին։

Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը մայիսի 31-ին լրագրողներին հայտնել է, որ HIMARS ՀԿՌՀ-ները, որոնք ԱՄՆ-ն ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում ծրագրում է մատակարարել Կիևին, կկարողանան խոցել թիրախները շուրջ 80 կմ հեռավորության վրա։

ՌԴ-ն բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, նոտա է հղել Ուկրաինային զենք մատակարարելու առիթով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ ՌԴ-ի համար օրինական թիրախ է հանդիսանալու։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զինելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 98-րդ օրը։