Ինչ եղանակ է սպասվում այս ամիս, և ինչով է տարբերվում հունիսը

Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հունիս ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը։
Նշվում է, որ հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից: Ցերեկվա տևողությունը, մայիսի համեմատ, ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որը ամենաերկարն է տարվա ընթացքում:
«Եղանակային վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հունիսի էական առանձնահատկությունն է հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում` ամսվա առաջին կեսին ցիկլոնների, մթնոլորտային ճակատների, ինչպես նաև ներզանգվածային պրոցեսների առկայությունը: Ամսվա երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները գտնվում են մերձավոր արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով տեղումների քանակը զգալիորեն պակասում է:
Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22...+23°C:
Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22...+23°C:
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +14...+16°C:
Լոռու մարզում՝ +16...+18°C, Տավուշի մարզում՝ +18...+20°C:
Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22...+23°C, լեռնային շրջաններում` +14...+16°C:
Սյունիքի հովտային շրջաններում +22...+25°C, նախալեռնային շրջաններում` +15...+17°C:
Արցախում կանխատեսվում է +22...+25°C աստիճան։