ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Մարիուպոլում գերեվարված ավելի քան 100 ուկրաինացի զինվորներ ու սպաներ տեղափոխվել են քննչական մեկուսարան։ Տեղեկությունը հայտնել է ԴԺՀ-ի արդարադատության նախարար Յուրի Սիրովատկոն:
«Նրանք արդեն կասկածյալներ են, ոչ թե գերիներ, և նրանց վերաբերյալ որոշում կկայացնի դատարանը», - ասել է Սիրովատկոն Առաջին ալիքի եթերում։
Նախարարը չի բացառել, որ դատապարտվելու դեպքում նրանց կարող են ներգրավվել ԴԺՀ–ի ավերված քաղաքների վերականգնման գործում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոլոր ռազմագերիները պահվում են արժանապատիվ պայմաններում` նրանք ապահովված են երեքանգամյա սնունդով, բժշկական սպասարկումով։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով` մայիսի 16-ից ի վեր ավելի քան 2,4 հազար ազգայնականներ և ուկրաինացի զինվորականներ են զենքը վայր դրել և գերեվարվել։ Նրանք շուրջ մեկ ամիս արգելափակված էին «Ազովստալ» գործարանի տարածքում:
2014 թվականին` ԴԺՀ-ի հռչակման պահին, շուրջ 450 հազար բնակչություն ունեցող Մարիուպոլը Դոնեցկից հետո ԴԺՀ–ի երկրորդ քաղաքն էր, սակայն նույն տարվա հունիսին ուկրաինացի ուժայինները վերադարձրել էին վերահսկողությունը Մարիուպոլի նկատմամբ: 2022 թվականի մայիսի 20-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց Մարիուպոլի մետալուրգիական «Ազովստալ» կոմբինատի տարածքի ամբողջական ազատման մասին։ Ձեռնարկության ստորգետնյա կառույցները, որոնցում թաքնվում էին ուկրաինացի զինվորականներն ու «Ազով» գնդի գրոհայինները (որոնց դեմ ՌԴ-ում քրեական գործեր են հարուցվել) անցել են ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ: