Ղազախստանը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չի միանում. դեսպան

Ցանկացած իրավիճակում Ռուսաստանը շարունակում է մնալ Ղազախստանի ամենամոտ հարևանն ու կարևոր գործընկերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի Sputnik. Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չի միանալու։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Երմեկ Կոշերբաևը, նրա խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք միանում ՌԴ-ի նկատմամբ իրականացվող պատժամիջոցային ճնշմանը և քայլեր չենք ձեռնարկի, որոնք կարող են հակասել մեր գործընկերության ոգուն»,- ասել է նա։

Ղազախստանցի դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը ցանկացած իրավիճակում շարունակում է մնալ իր երկրի ամենամոտ հարևանն ու կարևոր գործընկերը։
Դեսպանը հայտարարել է նաև, որ Ղազախստանը «աշխարհաքաղաքական խաղերի երբեք չի մասնակցել և չի մասնակցելու»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 98-րդ օրը։