ԵՄ հատուկ ներկայացուցիչն առաջիկա օրերին կայցելի Հայաստան և Ադրբեջան

Բրյուսելում կրկին հայտարարում են հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման անհրաժեշտության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն առաջիկա օրերին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մամուլի քարտուղարը։
Բարենտ Լեյթսը հայտարարության մեջ նշել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել հարաբերությունների կարգավորման հետագա բանակցային գործընթացը։
Այս համատեքստում նշվում են նաև մայիսի 22-ին Միշել-Փաշինյան-Ալիև ձևաչափով բրյուսելյան բանակցությունների արդյունքները։ Ըստ մամուլի քարտուղարի, երկու երկրների միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար անհրաժեշտ է լուծել բոլոր խնդիրները, ինչպես նաև առաջ մղել ապագա խաղաղության պայմանագրի քննարկումները և լուծել հակամարտության բուն պատճառները:
Լեյթսն ընդգծում է, որ ինչպես ցանկացած կոնֆլիկտի դեպքում, այս համատեքստում տերմինաբանությունը հատկապես զգայուն է: Այս առումով մայիսի 22-ի ղեկավարների հանդիպմանը հաջորդած նախագահ Միշելի հայտարարությունը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների վերջնական արդյունք։
«Ի վերջո, ամենակարևորն այն է, որ բոլոր հարցերը համապարփակ լուծվեն. սա ներառում է բնակչության բոլոր խմբերի իրավունքներն ու անվտանգությունը», - ասել է Լեյթսը:
Սրանով Միշելի մամուլի քարտուղարը, ըստ ամենայնի, ակնարկել է Եվրախորհրդի ղեկավարի աղմկահարույց արտահայտությունը «Ղարաբաղի էթնիկ հայերի» իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։ Հայաստանում այս արտահայտությունը քննադատությունների տարափ է առաջացրել ինչպես իշխանությունների, այնպես էլ ԵՄ ղեկավարության հասցեին։ Հայաստանի իշխանությունների շատ ընդդիմախոսներ Միշելի այս հայտարարության մեջ տեսնում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերի ոտնահարում՝ ԼՂՀ կարգավիճակի շուրջ քննարկումների համատեքստում։