ՌԱԴԻՈ

Անշարժ գույքի շուկայում ռիսկերը նվազեցնելու համար նախընտրում են վճարման անկանխիկ եղանակը

Անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է անշարժ գույքի հետ կապված գործարքների անկանխիկ տարբերակին, որն իրավական ուժ է ստանալու հուլիսի 1-ից։
Sputnik
Բնակարանների հետ կապված անկանխիկ գործարքների երևույթն այսպես, թե այնպես լինելու էր անխուսափելի, և պետությունը մի օր պետք է արձագանքեր դրան, առավել ևս, որ անշարժ գույքի դասակարգման տարբերակով` գործարքների մեծամասնությունը բաժին է հասնում բնակարաններին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը։
«Եթե բնակարանային ֆոնդում իրականացվող գործարքի պարագայում կողմերից մեկն իրավաբանական անձ չէ, ապա նույնիսկ շուկայում փոփոխություններ անելու ցանկություն չի առաջանում։ Գործում է ընդամենը մեկ սահմանափակում, ըստ որի` 50 միլիոն դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։ Եթե փոփոխությունը կա, ուրեմն պետք է հարմարվել խաղի նոր կանոններին»,– ասաց անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող մասնագետը։
Իսկ ինչ վերաբերում է այն գործարքներին, որոնց դեպքում կողմերն իրավաբանական անձինք են, Ապրիյանն ընդգծեց, որ նրանք լիարժեքորեն մտնելու են փոխանցման անկանխիկ եղանակի շրջանակի մեջ, հետևաբար կլինեն որոշակի փոփոխություններ։ Ըստ նրա` անշարժ գույքի շուկայում արժեքների ու նրանց ազդեցության առումով դեռ վաղ է որևէ բան կանխատեսել և ասել, թե գործող օրենքում փոփոխությունը կունենա դրական, թե բացասական հետևանք։
«Օրենքի ընդունումից հետո տնտեսվարողը փորձելու է գտնել այլ եղանակ հարկերից խուսափելու համար, և հենց այդ ժամանակ պարզ կլինի, թե խաղի նոր կանոններն ինչպիսին կլինեն։ Շատ էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք գործակալի միջնորդությամբ է տեղի ունենում գործարքը։ Եթե խոսքը բանիմաց գործալակության մասին է, ապա ռիսկերը նվազեցնելու համար բոլորն էլ խորհուրդ են տալիս կիրառել վճարման անկանխիկ եղանակը»,– ասաց Ապրիյանը։
Նրա խոսքով` նախևառաջ զուտ միայն թղթադրամները հաշվելու անհրաժեշտություն չի առաջանա, կեղծ թղթադրամների շրջանառությունը կկանխվի, մարդիկ կխնայեն ժամանակը։ Այդուհանդերձ նա նշեց, որ անկանխիկ եղանակն էլ ունի իր բացասական ազդեցությունը, որովհետև բանկերում էսքրոու հաշվիվները, որոնք հատուկ նախատեսված են անշարժ գույքի առքուվաճառքի համար, բավականին թանկ են սպասարկվում։ Եթե այդ ծառայությունը փոքր–ինչ մատչելի դառնա, ապա գնորդին և վաճառողին ցանկալի կլինի գործարքներն իրականացնել բանկերի միջնորդությամբ։ Ապրիյանը նշեց նաև, որ գործակալների միջնորդավճարները նույնպես ներառվելու են էսքրոու հաշիվների սպասարկման մեջ։
Նշենք, որ «ՀՀ 2021թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ կանխիկի կրճատման մասին օրենքի գործելուց հետո հնարավոր չի լինի կանխիկով բնակարան կամ ավտոմեքենա գնել, բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով։
Հիշեցնենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից։