ԱՄՆ-ն Ուկրաինային 4 HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է տալիս

Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը վստահեցրել է, որ երկիրը բավարար պաշար ունի անհրաժեշտության դեպքում մատակարարումներն ավելացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հունիսի 1-Sputnik. Ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթն Ուկրաինային չորս HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է ներառում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը:

«HIMARS համակարգերի սկզբնական տրանշը կազմում է չորս միավոր, դրանք արդեն տեղակայված են տարածաշրջանում, որ մենք կարողանանք օպերատիվ կերպով փոխանցել», - ասել է պաշտոնյան։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նման համակարգերի բավարար պաշար ունի, որ անհրաժեշտության դեպքում ավելացնի մատակարարումները։
Քալն ասել է, որ մինչ HIMARS-ը հայտնվի ռազմի դաշտում, ուկրաինացի զինվորականները երեք շաբաթվա ընթացքում կսովորեն նման համակարգեր կիրառել: Նա ավելացրել է, որ HIMARS-ի կիրառման ուսուցման դասընթացը երկու շաբաթ է տևում։
Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ գործողության ֆոնին Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են Ուկրաինային զենք մատակարարել։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ արևմտյան սպառազինությունների մատակարարումները միայն ձգձգում են հակամարտությունը, իսկ դրանցով բեռնված տրանսպորտն օրինական թիրախ է դառնում։