5 երկիր ու 4 ուղղություն. որ երկրներից ու ինչի համար են Հայաստան գալիս զբոսաշրջիկները

ՀՀ կառավարությունը ձգտում է 2026թ-ին Հայաստան եկող տուրիստների տարեկան թիվը հասցնել 2.5 մլն-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ռուսաստան, Իրան, Գերմանիա, Ֆրանսիա և ԱՄՆ. Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարը պայմանավորված է հիմնականում այս 5 երկրներից ակնկալվող տուրիստական հոսքերով։
Այս մասին այսօր ԱԺ-ում 2021թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկմանը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մեր մարկետինգային քաղաքականությունը զբոսաշրջության ոլորտում հիմնված է լինելու 4 հիմնական ուղղությունների վրա։ Դրանք են` բնությունը, մշակույթը, գաստրո և արկածային տուրիզմը։ Այս 5 երկրների ու 4 ուղղությունների վրա ենք մենք փորձելու առաջիկայում մեր ուժերը կենտրոնացնել, որպեսզի կարողանանք իրականացնել այն նպատակները, որոնք դրված են մեր առաջ»,- ասաց Քերոբյանը։

Նպատակներից մեկը, էկոնոմիկայի նախարարի խոսքով, Հայաստան եկող տուրիստների տարեկան թիվը 2026թ-ին 2.5 մլն-ի հասցնելն է։