Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ միտում կա նորից բանակցային սեղանի շուրջ վերադառնալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության ուղիղ եթերում հայտնեց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Վերջին շրջանում Զելենսկին ասում է, որ ցանկանում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, երեկ էլ է հայտնել նման ցանկություն։ Մենք երկխոսության կողմնակից ենք»։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ Ստամբուլի բանակցություններից հետո կողմերի միջև դիվանագիտական շփումները, կարծես, փակուղի են մտել։ Չավուշօղլուի խոսքով, սակայն, նորից միտում է նկատվում վերադառնալու բանակցային սեղանի շուրջ։

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ հունիսի 8-ին Թուրքիա է մեկնելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի հետ քննարկվելու է նաև Սև ծովում հացահատիկը տեղափոխելու անվտանգության միջանցքի հարցը։ Լավրովի հետ զինվորական պատվիրակություն է մեկնելու՝ հենց անվտանգության միջանցքի թեման քննարկելու համար։ Թուրքական կողմից ևս ՊՆ և այլ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ կլինեն։ Կքննարկվի նաև միջանցքին առնչվող քայլերը վերահսկող մշտադիտարկման կենտրոն ստեղծելու հարցը։
Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը կրկին հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Զելենսկու հետ։ Պուտինի հետ զրույցում Ուկրաինայի վերաբերյալ քննարկմանը կողմերը կարևորել են Սև և Ազովի ծովերում անվտանգ նավագնացություն ապահովելու հարցը։ Պուտինն ընդգծել է` ռուսական կողմը պատրաստ է աջակցել բեռների անարգել տարանցմանը՝ թուրք գործընկերների հետ համակարգմամբ։ Դա վերաբերում է նաև հացահատիկը ուկրաինական նավահանգիստներից դուրս բերելուն։