«Սա պարզապես ապօրինություն է»․ փաստաբանը՝ Արծվիկ Մինասյանին առնչվող քրգործի մասին

Փաստաբանը մի քանի խնդիր է մատնանշում, նախ՝ պատգամավորի գործով պետք է զբաղվի Հակակոռուպցիոն կոմիտեն (նախկին ՀՔԾ-ն), ոչ թե ՔԿ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն էլ չի կարող պատգամավորի դեմ ուղղակի գործ հարուցել. նախ պետք է դիմի ԱԺ-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը դիմում է կազմել հանցագործության մասին և պահանջում է քննիչի դեմ քրեական գործ հարուցել՝ առանց պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Տեղեկացրել ենք, որ մայիսի 6-ին ՔԿ-ն գործ է հարուցել, որով Արծվիկ Մինասյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տարոն Մարգարյանը կասկածվում են հավաքի մասնակիցներին գումար բաժանելու մեջ։

«Արծվիկ Մինասյանն այս գործով վկա-կասկածյալի կարգավիճակում է։ Երբ մենք սկզբում գնացինք պարզելու գործի հանգամանքները, պարզվեց, որ այնտեղ խոսք է գնում Արծվիկ Մինասյանի կողմից, իբր, գումարներ տալու մասին, նշանակում է` սա նրան իրավունք է տալիս կասկածյալի իրավունքներից օգտվելու։ Ու այստեղ մի շարք խնդիրներ կան» - ասում է Մինասյանի պաշտպանը։

Նախ՝ պատգամավորի գործով պետք է զբաղվի Հակակոռուպցիոն կոմիտեն (նախկին ՀՔԾ-ն), ոչ թե ՔԿ-ն, բացի այդ` Հակակոռուպցիոն կոմիտեն իր հերթին չի կարող պատգամավորի դեմ ուղղակի գործ հարուցել, այն դրա համար նախ պետք է դիմի ԱԺ-ին։
«Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է մտներ ԱԺ ու ասեր՝ հարգելի՛ պատգամավորներ, կամ՝ ո՛չ հարգելի պատգամավորներ, թույլ տվեք` այս գործքը քննվի, ԱԺ-ն թույլ տար՝ նոր։ Սա ոչ միայն օրենքի տառը չպահել է, սա պարզապես ապօրինություն է»,- ասում է Հարությունյանը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր ակցիայի մասնակիցներին փող բաժանելու մեղադրանքով պարբերաբար քրգործեր են հարուցվում, մարդիկ են կալանավորվում։ Մայիսի 8-ին, օրինակ, հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի երկու բնակիչներ կալանավորվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու մեղադրանքով։
Կալանավորված երկու քաղաքացիները ՀՅԴ անդամներ են։ Մայիսի 7-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել այն մասին, որ բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու անձինք, խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը։
Այդ առիթով ՀՅԴ ԳՄ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կատարվածն «ահաբեկչություն, մարդաորսություն» է, որով, սակայն հնարավոր չի լինելու «կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը»։ Նշվում է նաև, որ ընդվզումը կասեցնելու և բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով՝ «ողջ իրավապահ համակարգը լծվել է մեկ անձի և նրա ռեժիմի բիրտ պաշտպանությանը»։
Իսկ մայիսի 14-ին 2 ամսով կալանավորվեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Նրան նույնպես մեղադրում են ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու համար։