ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Ռուսաստանը նավթի այլ ներկրողներ կգտնի։ Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն այսպես է մեկնաբանել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։
Ավելի վաղ Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովում համաձայնեցվել էր ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը ներառում էր Ռուսաստանից նավթի ներմուծման մասնակի արգելքը: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսքով՝ սահմանափակումները միանգամից կանդրադառնան ռուսական նավթի ներկրման 75%-ին, իսկ տարեվերջին այդ ցուցանիշը կհասնի 90%-ի:
«Ինչպես Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երեկ ասաց՝ Ռուսաստանը այլ ներկրողների կգտնի... Մտադրության շատ արագ փոփոխությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն լավագույն վիճակումչէ», - Twitter-ում նշել է Ուլյանովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 97-րդ օրը։