6 ոստիկան և 5 քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել. փոխոստիկանապետը` մայիսի 30–ի դեպքերի մասին

Փոխոստիկանապետը հայտնեց, որ ոստիկաններից մեկը կողերի կոտրվածք ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Մայիսին բոլոր ոստիկանները պարգևավճար են ստացել. ընդհանուր գումարը 2,5 միլիարդ դրամ է կազմել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը` վստահեցնելով, որ դա հանրահավաքների հետ կապված չէ։

«Տարիներ են եղել` անգամ 3 անգամ են պարգևատրվել ոստիկանները, օրինակ` 2018-ին։ Ի դեպ, ոստիկանների աշխատավարձը միջին հաշվարկով 218 000 դրամ է»,–ասաց Մովսիսյանը։

Անդրադառնալով լրագրողների հարցերին, թե ինչի համար են պարգևավճար ստացել` բիրտ ուժ կիրառելո՞ւ, փոխոստիկանապետը նշեց` դա լրագրողների կարծիքն է։
Մովսիսյանը հայտնեց` ոստիկանությունում շուրջ 50 ծառայողական քննություն է անցկացվում, 10 քրեական գործ է հարուցվել, որտեղ կան դեպքեր, որ ոստիկանները որպես տուժող են ներգրավված։
«Երեկ 6 ոստիկան և 5 քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել. ոստիկաններից մեկը կողերի կոտրվածք ունի»,–ասաց Մովսիսյանը։
Նկատառմանը, թե ոստիկանները բիրտ ուժ են կիրառում, անգամ անչափահասի հանդեպ էլ է ուժ կիրառվել` փոխոստիկանապետը նշեց, թե նա ի՞նչ գործ ուներ այնտեղ։
Հիշեցնենք` մայիսի 20-ին ՀՀ ոստիկանությունը հայտարարել էր, որ 2015-2016 թվականներին ոստիկանության աշխատակիցները տարեկան երեք անգամ են պարգևատրում ստացել, 2017-ին` 2 անգամ, 2018-ին` երեք, այդ թվում` երկու անգամ ապրիլին և մեկ անգամ դեկտեմբերին։
2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ, տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ 2020-2021 թվականներին, բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ։