ՅՈւՆԵՍԿՕ-ն բացառել է Ռուսաստանին անդամ պետության կարգավիճակից զրկելու հնարավորությունը

Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն փետրվարին դիմել է ՅՈւՆԵՍԿՕ` խնդրելով կազմակերպությունից հեռացնել Ռուսաստանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈւՆԵՍԿՕ) բացառում է Ռուսաստանին կազմակերպության անդամ պետության կարգավիճակից զրկելու հնարավորությունը, քանի դեռ երկիրը ՄԱԿ-ի անդամ է։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը։

«ՅՈւՆԵՍԿՕ-ի կանոնադրության համաձայն (հոդված II)` ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետություն իրավունք ունի լինելու կազմակերպության անդամ։ Միայն ՅՈւՆԵՍԿՕ-ի այն անդամ պետություններն են զրկվում ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամակցությունից, որոնք հեռացվել են ՄԱԿ-ից»,- բացատրել են կազմակերպությունում։

Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն փետրվարի 28-ին դիմել է ՅՈւՆԵՍԿՕ–ին` խնդրելով կազմակերպությունից հեռացնել Ռուսաստանին։ Նշվում է, որ Ուկրաինայի նախարարը կազմակերպությանը խնդրել է զրկել Ռուսաստանին ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամակցությունից և փոխել միջազգային ժառանգության կոմիտեի 45-րդ նստաշրջանը կազմակերպող երկիրը։
Պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական գործիք դառնա. ՅՈւՆԵՍԿՕ
ՅՈւՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը հայտարարել է, որ Ուկրաինան փորձեր է ձեռնարկում «այնպես անել, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն սպասարկի միայն իր շահերը, արգելափակելու կազմակերպության կանոնադրական, ստեղծարար գործունեությունն ու ամբողջությամբ «զրոյացնելու» կազմակերպության անդամ երկրների` ընդհանուր գործում կառուցողական ներդրումը»։