ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանի 2022թ–ի առաջին 4 ամիսներին գրանցված 9.4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա էական ազդեցություն են ունեցել վերջին 2-3 ամիսներին գրանցված ուղևորահոսքերը։
Այս մասին այսօր ԱԺ–ում 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք տեսնում ենք, որ դեպի Հայաստան ուղևորահոսքերն էականորեն աճում են, և արդեն բավական լավատեսական ցուցանիշներ են ի հայտ գալիս, երբ Հայաստան ժամանողների ու մեկնողների սալդոն դրական է` հոգուտ ժամանողների։ Այսօր առավոտյան, երբ որ ես թվերն էի նայում, նախորդ օրը` երեկ, ավելի շատ մարդ է եկել ՀՀ, քան հեռացել։ Եվ դա երեկ, երբ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մանակիցների մեծ մասն արդեն հեռանում էր կամ հեռացել էր»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ ի հեճուկս ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, ներքաղաքական որոշակի խնդիրների, Հայաստանում տնտեսական կոլապս չի գրանցվել, թեև կանխատեսումներ կային։
«Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակը շատ լարված է, և այս առումով հնչում են միայն հոռետեսական կանխատեսումներ։ Հայաստանն աշխարհից կտրված չէ և չի կարող կտրված լինել։ Բայց իմ տրամադրությունն ու տրամադրվածությունն այնպիսին է, որ մենք պետք է կենտրոնանանք մեր բյուջեի հատկապես կապիտալ ծախսերի կատարման վրա, որպեսզի կարողանանք մեր 7 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշն ապահովել»,– ասաց նա։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022թ ապրիլին ՀՀ–ում արձանագրվել է 9.4% տնտեսական աճ։
Արտաքին առևտուրն աճել է 22.5%–ով (արտահանում` 19.8, ներմուծում` 24.1), առևտրաշրջանառությունն ավելացել է 8.6%–ով, արդյունաբերությունը` 1.2%, շինարարությունը` 15.6%–ով։ Ամենամեծ աճը` 27.1%, արձանագրվել է ծառայությունների ոլորտում։