ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. 55-ամյա ռուսաստանցի էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգը Պյատիգորսկում չեղարկել են հավատացյալների բողոքի պատճառով։ Այս մասին հայտնում է kp.ru–ն։
Պարբերականին հաջողվել է կապ հաստատել Հյուսիսկովկասյան ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն Սվետլանա Բերեժնայայի հետ, որը հայտարարել էր, որ հունիսի 19-ին նախատեսված համերգը չի կայանա «ՌԴ մշակույթի նախարարության խորհրդով», քաղաքի վարչակազմի և բնակիչների խնդրանքով, ինչպես նաև «Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու կարծիքը» հաշվի առնելով։
Բերեժնայան պարզաբանել է, որ ՌԴ մշակույթի նախարարությունը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել համերգի գեղարվեստական մասին։ Ֆիլհարմոնիայի ադմինիստրացիան չի կարող ազդել երգացանկի վրա, սակայն պատասխանատվություն է կրում հոգևոր բաղադրիչի համար։
«Բովանդակությունը դատելու կամ գնահատական տալու ո՛չ հնարավորություն, ո՛չ էլ ցանկություն չունենք։ Սակայն մենք պարտավոր ենք հաշվի նստել հանդիսատեսի, ՌԴ մշակույթի նախարարության և շրջանի ղեկավարության կարծիքի հետ»,- հայտնել է Կիրկորովի ներկայացուցիչը։
Համերգի չեղարկումը կապված է Կրեմլյան պալատում Ֆիլիպ Կիրկորովի ելույթի հետ։ «Մարիա Մագդալենա» երգի կատարման ժամանակ արտիստը բարձրացել է դեկորատիվ խաչի վրա, ինչը հանդիսատեսի մեծ մասը գնահատել է որպես վիրավորաանք հավատացյալների զգացմունքներին։
Բերեժնայան այդ առիթով հայտնել է, որ բազմաթիվ դիմումներ է ստացել հավատացյալներից, ընդ որում՝ ոչ միայն քրիստոնյա։
«Մենք չենք կարող թույլ տալ վիրավորել մարդկանց։ Անձամբ ինձ եկեղեցականներից որևէ մեկը չի դիմել, սակայն Պյատիգորսկի վարչակազմ և մշակույթի նախարարություն դիմել են»,- հավելել է ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրենը։
Նշվում է, որ 1700 նստատեղ ունեցող դահլիճում, որտեղ նախատեսվում էր համերգի անցկացումը, ընդամենը 225 տոմս է վաճառվել։ Բերեժնայան ենթադրել է, որ համերգի չեղարկումը կարող է կապված լինել նաև տոմսերի վաճառքի հետ։