ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Եվրամիությունը քննարկում է, այսպես կոչված, երրորդ աշխարհի երկրներին Ռուսաստանից նավթ գնելն արգելելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Լեհաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ-ից դուրս գտնվող երկրներին ռուսական նավթ գնելն արգելելու գաղափարը «ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում Եվրոպայում»։
«Լեհաստանը և Եվրամիության ավելի ու ավելի շատ երկրներ բարձրաձայն խոսում են, այսպես կոչված, երկրորդական պատժամիջոցների մասին: Դա այնպիսի պատժամիջոցների կիրառման հնարավորություն է, երբ ռուսական նավթը ոչ միայն Եվրամիությանը, այլև ուրիշ երկրների նույնպես չի վաճառվի»,- ասել է նա։
ԵՄ առաջնորդները նախկինում քաղաքական համաձայնություն են ձեռք բերել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վերաբերյալ, որը, ի թիվս այլ պատժամիջոցների, ներառում է Ռուսաստանից նավթամթերքի ներմուծման աստիճանական էմբարգոն։
Բացառություն է արվել խողովակաշարով նավթի մատակարարումների համար, «ինչը շուտով պետք է վերանայվի»։ Սակայն այս մասին նույնպես կոնկրետ ժամկետներ նշված չեն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 97-րդ օրը։