ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Եվրամիության առաջնորդները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Տեղեկությունը հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում, որտեղ կայացել է Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը։
«Փաթեթը թույլ կտա արգելել Ռուսաստանից նավթի ներմուծումը։ Պատժամիջոցներն այժմ կանդրադառնան ՌԴ-ից նավթի ներկրման 75%-ին։ Իսկ մինչև տարեվերջ արգելքը դրվելու է Եվրոպա մատակարարվող ռուսական նավթի 90 տոկոսի վրա»,- Twitter-ում նշել է Միշելը։
Բացի այդ, պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է SWIFT-ից «Սբերբանկի» անջատումը:
Պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայն՝ ԵՄ-ում կարգելեն Ռուսաստանի ևս երեք պետական ԶԼՄ-ների հեռարձակումը: Եվրոպացիները նաև պատժամիջոցներ կսահմանեն կոնկրետ անձանց դեմ, որոնք, նրանց կարծիքով, պատասխանատվություն են կրում Ուկրաինայի իրադարձությունների համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 97-րդ օրը։