Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ավետիք Չալաբյանի լուսանկարով պաստառ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Չալաբյանի փաստաբանների բողոքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
«Դանիելյան Արմենը, բնականաբար, կանխատեսելի էր»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Չալաբյանին կալանքից ազատելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
«Արար» հիմնադրամի համահիմնադրի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Օրեր առաջ նաև գործընկերներն ու համախոհներն էին հանդես եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։
Նրա խափանման միջոցը փոխելու կոչ են արել նաև Արցախի Հանրապետության նախարագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ԱԺ պատգամավորներ։