ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2021թ–ի բյուջեով նախատեսված ծրագրերն իրականացրել է 99.4 տոկոսով։
Այսօր ԱԺ–ում 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Չկատարված ծրագիրը, նրա խոսքով, վերաբերում է «Նաիրիտ» գործարանում պահվող քիմիական նյութերի անվտանգության ապահովմանը։
«Թերացումը պայմանավորված է «Նաիրիտ» գործարանի գծով որոշ փաստաթղթերի չներկայացնելու հանգամանքով»,– ասաց Փամբուխչյանը։
Նշենք, որ ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի անվտանգության ապահովում» ծրագիրն ընդունվել էր 2021թ–ին։ Ծրագրին հատկացված 237 862 400 դրամով նախարարությունը` Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի հետ համատեղ, պետք է ապահովեր «Նաիրիտ» գործարանի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանությունը։
Հիշեցնենք` 2006թ.-ին կառավարությունը «Նաիրիտի» 90 տոկոս բաժնեմասը վաճառեց «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերությանը, որը պարտավորվել էր մինչև 2012 թվականը 120 մլն դոլարի ներդրում կատարել: Ներդրումներ չկատարվեցին, իսկ գործարանը 2010 թ.-ից պարապուրդի մատնվեց էլեկտրաէներգիայի համար կուտակած 1 միլիարդ դրամ պարտքի պատճառով: 2007 թվականից գործարանը վարկային պարտավորություն ունի նաև ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ։
Այս վարկը չվերադարձնելու պատճառով գործարանը սնանկ ճանաչվեց։ Ընկերությունն իր 90% բաժնետոմսերն անհատույց կերպով վերադարձրեց ՀՀ կառավարությանը:
2015թ.–ից ի վեր ՀՀ նախկին ու ներկա կառավարությունները «Նաիրիտի» համար գնորդներ ու ներդրողներ են փնտրում։ Այդ տարիների ընթացքում գործարանի հնարավորություններն ուսումնասիրել են ռուսական «Ռոսնեֆտն» ու իտալական «Pirelli»-ն, բայց անարդյունք։
Հիմա «Նաիրիտը» սնանկության գործընթացի մեջ է, սակայն հիմնական ակտիվները չեն վաճառում, որ հնարավոր լինի վերականգնել արտադրությունը։