Առաջին հերթին նրանց համար ենք պայքարում․ վաղն ընդդիմությունը երթ կանի երեխաների հետ

Իշխան Սաղաթելյանը հիշեց, որ ինքն ընդամենը ութ տարեկան էր, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը․ հաղթանակած երկրում նա հանգիստ ու արժանապատիվ մանկություն է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտնեց ընդդիմության վաղվա անելիքները։
Վաղը ժամը 13:00-ին ընդդիմադիր պատգմավորները հանդիպելու են շուրջ երեսուն կուսակցությունների ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացնելու են ԱԺ-ում հունիսի 3-ին քննարկվելիք փաստաթուղթը (որում յոթ կետով գրված են ՀՀ և Արցախի շահերը, - խմբ․)։

«Այսինքն՝ վաղը օրվա երկրորդ կեսին մենք կունենանք նաև արտախորհրդարանական ուժերի դիրքորոշումը մեր փաստաթղթի հետ կապված»,- ասաց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր պատգամավորները նաև հանդիպումներ կունենան Հայաստանի գրողների միության, Գիտությունների ազգային ակադեմիայի և այլ գիտակրթական հաստատությունների անդամների հետ՝ իմանալու նրանց դիրքորոշումները Արցախի հարցով։ Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին մարզերում իրենց ՏԻՄ-երին մոտենալ և պարզ դիրքորոշում ստանալ Արցախի հարցով։
Քանի որ վաղը երեխաների միջազգային օրն է, ընդդիմությունը երեխաներին առնչվող ծրագիր նույնպես ունի։

«Շատ ծնողներ ցանկություն են հայտնել երեխաների հետ կապված միջոցառում անել։ Այնպես որ, ժամը հինգին մենք այստեղից կունենանք երթ՝ կանանց և երեխաների հետ։ Բոլորին հրավիրում ենք վաղը երեխաների հետ գալ Ֆրանսիայի հրապարակ։ Մեր պայքարը առաջին հերթին երեխաների համար է, որ մեր երեխաները այսօր և վաղը ապրեն արժանապատիվ ու հզոր հայրենիքում»,- ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը հիշեց, որ ինքն ընդամենը ութ տարեկան էր, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը․ հաղթանակած երկրում նա հանգիստ ու արժանապատիվ մանկություն է ունեցել։
Նա նշեց, որ բացի նշված երթից, վաղը այլ երթ կամ հանրահավաք չի լինելու։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։