1998-ից ի վեր որևէ մեկը խոսե՞լ է Արցախի` Ադրբեջանի կազմում չլինելու մասին. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ 1998-ից ի վեր Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ասում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա նշանակում է բանակցությունների ընթացքում գիծ դնել ու ասել` սրանից հետո չենք խոսելու։ Սիմոնյանը նման պարզաբանում է տվել ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Հարցին, թե քարոզարշավի ժամանակ իշխանությունը համարձակորեն ասում էր` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ հիմա խուսափում է` Սիմոնյանը պատասխանեց, որ ամեն րոպե իրավիճակ է փոխվում, բանակցություններն ամեն րոպե իրավիճակ են փոխում։
«Հիմա ՀՀ–ն ասում է, որ այնտեղ կա Արցախի բնակչություն, կա բնակչություն, որն ունի իրավունքներ, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ 1998-ից ի վեր որևէ մեկը խոսե՞լ է Արցախի` Ադրբեջանի կազմում չլինելու մասին։ 1998-ից ի վեր Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգում»,–ասաց Սիմոնյանը։
Լրագրողները հիշեցրին, որ տարիներ առաջ Սիմոնյանն Աղդամից սոցցանցում լուսանկար էր հրապարակել` գրելով, թե Աղդամն իր հայրենիքն է։ Ի պատասխան ԱԺ նախագահը նշեց` իր տատիկը Կարսում է ծնվել, և ինչ-որ չափով Կարսն էլ իր հայրենիքն է, սակայն ամեն ժամանակ քաղաքականությունն իրավիճակ է փոխում։
Սիմոնյանը հավելեց, թե ամբողջ հայկական լեռնաշխարհն իր հայրենիքն է։
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները հայտարարել են, որ այցելելու են տարբեր գերատեսչություններ ու նրանց ղեկավարներից ճշտելու են՝ պատկերացնո՞ւմ են Արցախը Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։