Զուրաբիշվիլին ասել է` ինչ է գրել ՀՀ նախագահը պատվավոր հյուրերի գրքում

Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը համոզված է, որ վրացի գործընկերոջ հետ կարող են կարևոր ներդրում կատարել երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատմել է` ինչ գրառում է թողել պատվավոր հյուրերի գրքում Օրբելիանի պալատում հյուրընկալված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը մասնավորապես նշել է, որ նախագահի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցը կատարել է բարեկամական երկիր` Վրաստան։
«Համոզված եմ, որ որպես բարիդրացիական հարաբերություններ պահպանող երկրների նախագահներ, ի բարօրություն երկու երկրների, կարող ենք կարևոր ներդրում ունենալ երկկողմ կապերի ամրապնդման և խորացման գործում», – գրել է նախագահը։
Հայկական պատվիրակության կազմում էին բարձր արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը։
Հիշեցնենք, որ սա նախագահի պաշտոնում Խաչատուրյանի առաջին այցն է։ ՀՀ նախագահը վերջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվել է 2021 թվականի ապրիլին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորությամբ վրացական պատվիրակությունը Հայաստան էր ժամանել 2019 թվականի մարտին։