ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Ուկրաինական զորքը Կիևի ենթակայության տակ գտնվող ԴԺՀ–ի Ավդեևկա քաղաքում զբաղեցրել է հակատուբերկուլյոզային դիսպանսերը, հակառակորդը խաղաղ բնակիչներին պահում է շենքի նկուղում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Բացի այդ, ուկրաինական զորքը կահավորել է հենակետերն ու հրետանի տեղակայել Խարկովի մարզի Մշակույթի տանն ու դպրոցի տարածքում ։
«Կրասնայա Ալեյա փողոցում գտնվող № 81 դպրոցի և Պլեխանովսկայա փողոցում գտնվող Մշակույթի տան տարածքում Ուկրաինայի ԶՈւ–ի զինծառայողներն ու տարածքային պաշտպանության ենթակառուցվածքները կահավորել են հենակետերն ու զինամթերքով պահեստները, տեղակայել հրետանի և ՀԿՌՀ, իսկ տեղի բնակիչներին նրանց անվտանգությունն ապահովելու պատրվակով պահում են նկուղներում», – հայտնել է Միզինցևը։
Միևնույն ժամանակ, ըստ գեներալի, նշված շենքերի մուտքերն ականապատված են, սակայն այդ մասին տեղի բնակչությանը միտումնավոր չեն իրազեկում։
«Աջ հատվածի» (ՌԴ–ում արգելված ահաբեկչական խմբավորում) զինյալները կահավորել են նաև ԼԺՀ–ի Բորովսկոյե գյուղի բնակելի տների կրակային դիրքերը, խաղաղ բնակիչներին արգելվում է լքել տեղանքը. ցանկացած նման փորձ կասեցվում է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 96-րդ օրը։