Թուրքիան էթնիկ զտում է սկսել Սիրիայում. ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Սիրիա
Սիրիայի արտգործնախարարությունից ընդգծել են, որ Դամասկոսը Թուրքիայի ագրեսիան հետ մղելու համար բոլոր լեգիտիմ միջոցները կիրառելու իրավունք ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Դամասկոսն Անկարային մեղադրում է Սիրայի Արաբական Հանրապետության տարածքում էթնիկ զտում իրականացնելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Դամասկոսն անընդունելի է համարում Հասաքա քաղաքի մերձակայքում մի քանի օր առաջ Թուրքիայի իրագործած թշնամական գործողությունները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել, ինչպես նաև նյութական վնաս է հասցվել։

«Սիրիայի տարածքում «բուֆերային գոտի» ստեղծելու գործողությունները Էրդողանի կառավարության կողմից իրականացվող խայտառակ ագրեսիայի և էթնիկ զտման քաղաքականության դրսևորումներ են»,- ընդգծում է պաշտոնական Դամասկոսը։

Սիրիան մեղադրում է նաև նրանց, ովքեր պաշտպանում են Թուրքիայի իշխանությանը և արդարացնում Անկարայի գործողությունները։
ԱԳՆ-ն կրկին հիշեցրել է Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ հարգանք դրսևորելու կարևորությունը և ԱՄՆ-ին ու արևմտյան երկրներին մեղադրել սիրիացիների հաշվին քաղաքական դիվիդենտներ ստանալու ցանկության մեջ։
Ըստ հայտարարության` Դամասկոսը Թուրքիայի և նրա ահաբեկչական խմբավորումների շարքին պատկանող գործակալների ագրեսիան հետ մղելու համար բոլոր լեգիտիմ միջոցները կիրառելու իրավունք ունի։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԶՈւ-ն սահմանին հակաահաբեկչական գործողություններ կսկսի, և շուտով այդ առիթով որոշում կկայացվի։ ԶԼՄ-ների տվյալներով` գործողություններն իրականացվելու են Սիրիայի 4 շրջաններում։