Շտապօգնության մեքենայով «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 11-ամյա աղջիկ

«Հայաստան» դաշինքն իր տելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում մի աղջնակ լաց լինելով ասում է, որ ոստիկանները վիրավորել են իրեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Այսօր ժամը 12։55-ին շտապօգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 11 տարեկան աղջիկ երեխա։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

«Երեխան անցել է անհրաժեշտ բոլոր բուժզննումները, իրականացվել է երկու ձեռքի ռենտգեն հետազոտություն՝ 2 դիրքով։ Հետազոտության արդյունքների համաձայն` ախտորոշվել է երկու դաստակների կապանների գերձգվածություն, ոսկրերի և հոդերի վնասվածքներ չեն հայտնաբերվել՝ կոտրվածք առկա չէ»,- գրել է նա։

Դանիելյանի խոսքով` բժիշկները տվել են անհրաժեշտ բոլոր ցուցումները և խորհուրդները, և ժամը 14։40-ին երեխան դուրս է գրվել բուժհաստատությունից։
Հավելենք, որ «Հայաստան» դաշինքն իր տելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում մի աղջնակ լաց լինելով ասում է, որ ոստիկանները վիրավորել են իրեն։