Նիդեռլանդական ընկերությունը «Գազպրոմին» ռուբլով չի վճարի. մատակարարումը կդադարեցվի

Կոմպրեսորային կայան
Գործող պայմանագրով մոտ 2 մլրդ խորանարդ մետր գազ չի մատակարարվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Նիդեռլանդական «GasTerra» էներգետիկ ընկերությունը «Գազպրոմ էքսպորտին» տեղեկացրել է, որ մտադիր չէ գազի դիմաց ռուբլով վճարել: «Գազպրոմն» էլ իր հերթին հայտնել է, որ մայիսի 31-ից կդադարեցնի մատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ գործող պայմանագրով մոտ 2 մլրդ խորանարդ մետր գազ չի մատակարարվի։
««GasTerra»-ն որոշել է չկատարել «Գազպրոմի» միակողմանի վճարային պահանջները, որոնք գրանցվել են ռուսական գազի մատակարարումների վճարման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում: Ի պատասխան «GasTerra»-ի որոշման՝ «Գազպրոմը» հայտարարել է 2022 թվականի մայիսի 31-ից մատակարարումները դադարեցնելու մասին»,- ասված է նիդեռլանդական ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հավելել է, որ չգիտի` արդյոք եվրոպական շուկան կկարողանա հաղթահարել այդ ծավալների կորուստն առանց լուրջ հետևանքների։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիրը և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Նոր սխեմայի համաձայն` «Գազպրոմբանկը» արտարժույթով և ռուբլով հատուկ հաշիվներ կբացի արտասահմանյան գնորդների հետ գազի դիմաց հաշվարկների համար: Գնորդը կկարողանա միջոցները առաջին հաշվին փոխանցել «երկնագույն վառելիքի» մատակարարման պայմանագրում նշված արժույթով, բանկը այն կվաճառի մոսկովյան բորսայում, ինչից հետո ռուբլին կփոխանցի գազի գնորդի հաշվին և արդեն դրանից կվճարվի գազի մատակարարին՝ «Գազպրոմին»:
Շանտաժ չէ, պատասխան է. Կրեմլը` գազը ռուբլով վաճառելու մասին