Նազարբաևը կաջակցի, որ Ղազախստանի Սահմանադրության մեջ բացառվեն իր մասին հիշատակումները

Ղազախստանի նախկին նախագահը կարծում է, որ պաշտոնից հեռանալուց հետո իր որոշակի լիազորությունների պահպանումն անհրաժեշտ էր «քաղաքական սահուն անցում կատարելու համար»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի –Sputnik. Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունիսի 5-ին կայանալիք հանրաքվեում կաջակցի երկրի Սահմանադրության փոփոխությունների ընդունմանը, որոնցից մի քանիսը բացառում են իր մասին հիշատակումը: Նազարբաևն այս մասին հայտնել է քաղաքագետ Դանիյար Աշիմբաևին տված հարցազրույցում։

«Այո՛, հունիսի 5-ին անպայման կօգտվեմ Սահմանադրությամբ ինձ տրված իրավունքից և կմասնակցեմ հանրաքվեին... Այս տարիներին ես ամեն կերպ աջակցել եմ նրան (նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին,-խմբ.)՝ մեր երկրի բարեփոխման և հետագա զարգացման գործողություններում։ Կարող եք չկասկածել, որ այս անգամ ևս կաջակցեմ»,- ասել է նա հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է Աշիմբաևի Telegram ալիքում:

Նախկին նախագահի կարծիքով՝ պաշտոնից հեռանալուց հետո նրա որոշակի լիազորությունների պահպանումն անհրաժեշտ էր «քաղաքական սահուն անցում կատարելու ու հասարակության և իշխանական վերնախավի հնարավոր հակասությունները մեղմելու համար»:
Մեկնաբանելով Ղազախստանի հունվարյան իրադարձությունները՝ Նազարբաևը նշել է, որ Տոկաևի վճռական գործողությունները կանխել են դրանց զարգացման ամենավատ տարբերակը։
Նախկին նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է պարզել, թե ով է կանգնած երկրում անկարգությունների կազմակերպման հետևում: Նա վստահություն է հայտնել, որ քննությունը կտա այդ հարցի պատասխանը։
Կրեմլը պայմաններ չի դրել. Տոկաևը՝ ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու մասին
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սահմանադրության՝ հանրաքվեի դրվող փոփոխությունները մշակվել են Տոկաևի առաջարկած քաղաքական բարեփոխումների ծրագիրն իրականացնելու համար:
Փոփոխությունները կոչված են ամրապնդելու անցումը իշխանության «սուպերնախագահական» ձևից նախագահական հանրապետության՝ ազդեցիկ խորհրդարանով ու հաշվետու կառավարությամբ:
Բացի այդ, նորացված Սահմանադրությամբ կբացառվեն երկրի առաջին նախագահի կարգավիճակի, լիազորությունների ու արտոնությունների մասին հիշատակումները։