ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ հայտարարությունը հրապարակելիս ասաց, որ տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքից է կախված։
«Տարածաշրջանի ապագան սերտորեն կապված է խաղաղ միջավայրից։ Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն։ Այս առումով ողջունում ենք ԵՄ-ի ներգրավվածությունը»,- ընդգծեց Զուրաբիշվիլին։
Նա նշեց, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումից է կախված տնտեսական զարգացումը և բոլոր նոր ծրագրերը, որոնք վերաբերում են տարածաշրջանին։ Դրանք, ըստ Վրաստանի նախագահի, ապագայի հեռանկարներ կստեղծեն։
Զուրաբիշվիլին հավելեց, որ Խաչատուրյանի հետ հանդիպմանն ընդգծվել է տրանսպորտային և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը։ Անդրադարձել են նաև Վրաստանում ապրող հայերի մայրենի լեզուն պահպանելու հարցին։ Զուրաբիշվիլին նշեց` Վրաստանում գտնվող հայկական և ադրբեջանական ծագմամբ քաղաքացիների խաղաղ համագոյակցությունն օրինակ է Կովկասի տարածաշրջանի համար։
Հիշեցնենք, որ սա Խաչատուրյանի առաջին պաշտոնական այցն է Վրաստան։ ՀՀ նախագահը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։