ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանում Իրանի դեսպանը խոստացել է համագործակցության օղակ դառնալ Իրանի նահանգների և Արարատի մարզի միջև հարաբերությունների հաստատման հարցում։ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին հյուրընկալվելու ժամանակ է նման կարծիք հայտնել Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, տեղեկանում ենք մարզպետարանից։
«Դեսպանը նշել է, որ Արարատի մարզը ջերմ հարաբերություններ ունի Իրանի, հատկապես՝ Գիլան և Մազանդարան նահանգների հետ։ Սեդրակ Թևոնյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը»,–գրված է հաղորդագրության մեջ։
Թևոնյանն ընդգծել է, որ կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր այլ ուղղությունները՝ անդրադառնալով նաև կրթության, արտահանման և այլ ոլորտներին: